Թեհրանում մայիսի 18-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն ընդգծել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները:
Նա նշել է, որ սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայտնում է Արմենպրեսը Tasnim-ի վրա հղումով։
Նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա թշնամիներին որևէ վնաս հասցնել երկու հարևանների միջև լավ հարաբերություններին։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև շեշտադրել է, որ անհրաժեշտ է լիարժեք կյանքի կոչել Թեհրանի և Երևանի միջև պայմանավորված համատեղ նախագծերը։
Գրիգորյանն իր հերթին դրվատել Է Իրանին՝ Հայաստանին աջակցելու համար։Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ընդլայնումը կախված չէ ուրիշների կամքից:
Հայ պաշտոնյան նաև բարձր է գնահատել իրանական մասնավոր հատվածի գործընկերությունը Հայաստանում տնտեսական և էներգետիկ նախագծերում:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպում է ունեցել ԻԻՀ նորանշանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: