19 մայիսի 2025 - 13:19 AMT
Կիպրոսի պատվիրակությունն Արագածոտնում հանդիպել է ԼՂ–ից տեղահանված ընտանիքներին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն, որն այցելել է Հայաստան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով, և նրա գլխավորած պատվիրակությունը մայիսի 18–ին այցելել են Արագածոտնի մարզ։ Ագարակում կայացած այցի ընթացքում նա հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու մարզի տարբեր համայնքներում բնակություն հաստատած 10 ընտանիքի։

Այս ընտանիքները ստացել են նվիրատվություն՝ ջերմատներ «Իմ քայլը» հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» ծրագրի աջակցությամբ՝ ուղղված իրենց սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ինտեգրմանը։ Պատվիրակությանը ուղեկցել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը, մարզպետի տեղակալներ Արմեն Գրիգորյանն ու Միլադա Հովհաննիսյանը, ինչպես նաև մարզպետարանի ներկայացուցիչներ։

Դեմետրիուին ներկայացվել են ծրագրի ընթացքն ու արդյունքները։ Նա անձամբ զրուցել է ընտանիքների հետ, լսել նրանց պատմություններն ու այն դժվարությունները, որոնց հանդիպել են տեղահանման հետևանքով։ Աննիտա Դեմետրիուն բարձր է գնահատել նրանց աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումը։ Նա ընդգծել է, որ լիովին գիտակցում է նրանց բախած փորձությունները և իր խոսքում անկեղծ համերաշխություն և զորակցություն է հայտնել։ Ավելին՝ նա շեշտել է Կիպրոսի կառավարության պատրաստակամությունը շարունակելու նման ծրագրերի աջակցությունը՝ ի նպաստ համայնքների զարգացման։

«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Կիպրոսի կառավարության դրամաշնորհով։ Այդ միջոցներով 2024 թվականի նոյեմբերի 1-ից հիմնադրամը կարողացել է կյանքի կոչել նախաձեռնության բոլոր փուլերը՝ սկսած կաթիլային ոռոգմամբ ջերմատների կառուցումից մինչև սերմերի ու սածիլների մատակարարում շահառուներին։

Բացի այդ, կազմակերպվել են տեսական ու գործնական դասընթացներ, տրամադրվել է անհատական խորհրդատվություն՝ ջերմատնային գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով։

Նախաձեռնությունը ներառում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Արագածոտնի ու Լոռու մարզերում ապրող 20 ընտանիքների, որոնց տրամադրվել են 250 քմ մակերեսով ջերմատներ՝ կայուն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելով։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տեղահանվածների տնտեսական կայունությանը, համայնքային ինտեգրմանը և ՀՀ-ում մշտական բնակության խթանմանը։

Չնայած «Տնտեսապես կայուն ընտանիքներ» ծրագրի ավարտը նախատեսված է մայիսի 31-ին, հիմնադրամը ծրագրում է շարունակել աշխատանքը շահառու ընտանիքների հետ՝ հնարավորության դեպքում տրամադրելով լրացուցիչ աջակցություն և ներգրավելով նրանց այլ կրթական և զարգացման ծրագրերում։