Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20–21-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
ՌԴ ԱԳ նախարարը հանգամանալից բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Նախատեսված է նաև Լավրովի այցը Ծիծեռնակաբերդ։
Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:
«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։