22 մայիսի 2025 - 10:17 AMT
Ռուբիո․ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության իրական ռիսկ կա, որը Վաշինգտոնը փորձում է կանխել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։

Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել հնարավոր հակամարտությունն, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, և մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: