Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։
Մոտ երեք շաբաթ առաջ լրատվամիջոցը հարցում է հղել վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե արդյոք Բաքուն արձագանքել է հայկական կողմի առաջարկներին։ Սակայն ԱԳՆ-ի պատասխանը հստակ չի դարձնում՝ Ադրբեջանից արձագանք ստացվե՞լ է, թե՞ ոչ։
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում վարչապետը հայտնել էր, որ հայկական կողմը սահմանազատման շարունակականության վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։
Լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչ հարցերի շուրջ են ներկայում ընթանում հայ-ադրբեջանական բանակցությունները՝ նկատի ունենալով, որ փաստաթուղթը համաձայնեցված է, սակայն դեռ չի ստորագրվել։
ԱԳՆ-ից կրկին ոչ հստակ ձևակերպմամբ արձագանքել են. «Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»:
Ադրբեջանը մինչ այդ շարունակում է պահանջել, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախորդի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
Հարցին՝ արդյոք Երևանը պատրաստ է նման պայմանով գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Արտաքին գերատեսչությունից նշել են. «Հայաստանի դիրքորոշումը հանրահայտ է՝ հակամարտության ինստիտուցիոնալ կարգավորման պարագայում հակամարտությամբ զբաղվող որևէ ինստիտուտի անհրաժեշտությունը վերանում է»:
Երևանը ներկայում Բաքվին առաջարկում է զուգահեռաբար ստորագրել և խաղաղության պայմանագիրը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունը։ Սակայն ադրբեջանական կողմը դրական արձագանք չի տվել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է. «վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»: