Երևանում անցկացված քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր։ Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը, Լեհաստանի՝ ԵՄ խորհրդում նախագահությանը, ինչպես նաև ԵՄ գործընկերության համատեքստում առկա ընթացիկ հարցերին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել եվրոպական ինտեգրման փորձի փոխազդեցության ու ուսումնասիրման անհրաժեշտության վերաբերյալ։
Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային իրադարձություններին վերաբերող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ նշելով պետությունների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։