24 մայիսի 2025 - 15:29 AMT
Բժիշկ Թամամյանը՝ փողով բանակից ազատվելու մասին․ Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել

Բժշկական գիտությունների դոկտոր, մանկական արյունաբան-ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում, գումարի դիմաց բանակից ազատվելու վերաբերյալ օրինագծին, գրել է, որ «ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել»։

Նա հավելել է, որ հայրենիքին կծառայեն միայն աղքատները։

«Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի մուծելով 24 միլիոն դրամ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է` ազատվել զինվորական ծառայությունից։

Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել եւ մտածել։

Բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել եւ համարվում է մեծ պատիվ։ Իսկ այս օրինագծով հստակ ուղերձ է հղվում, որ այսուհետ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, որ չեն կարողանա վճարել 24 միլիոն դրամ, այն է` 2012-2013 թվականի օգտագործված մի Լեքսուս, 1 սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում կամ կես բիթքոին։

Հայրենիքին կծառայեն միայն աղքատները։

«Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության եւ անճարության հոմանիշ։

Պատկերացնում եք ծնողի վիճակը, ում երեխան գնում է ծառայության եւ, Աստված մի արասցե, զոհվում է։ Ծնողն այդուհետ ապրելու է մտքով, որ իր երեխան զոհվեց ոչ թե հանուն Հայրենիքի, այլ որովհետեւ չկարողացավ "փրկագինը" վճարել: Այո, հենց փրկագինը։

Զինծառայությունը, այսինքն հայրենիքդ, պետությունդ եւ ընտանիքդ պաշտպանելը պարտադիր է, սակայն եթե ունես 60 հազար դոլար, ապա պարտադիր չէ` քո տեղը կյանքը կվտանգի ընկերդ, որը չկարողացավ այդ գումարը հայթայթել։

Ստացվում է ինչ, պետությունը պատանդ է վերցնում ձեր որդուն եւ պահանջում է փրկագին` 60 հազար դոլար? Կարծում եմ շատ բանկեր հատուկ վարկային գիծ կարող են առաջարկել` լավ պայմաններով. «Ազատիր որդուդ» փաթեթը 18 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը` 24 միլիոն դրամ»,–ասվում է գրառման մեջ։

ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել՝ ձևակերպվելով հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։