Երևանում շտապօգնության բժիշկների վրա կացնով հարձակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն։
«2025 թվականի մայիսի 27-ին ՔԿ Շենգավիթի բաժնում քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Անձը ձերբակալվել է»,- հայտնել են ՔԿ-ից:
Մայիսի 26-ին ժամը 22․10-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 10-րդ բարակ, որտեղ անհայտ քաղաքացին կացինով հարձակվել է խմբի վրա։ Այդ մասին հայտնել էին ՆԳՆ–ից։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած խումբը պարզել էր, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ բնակիչներից մեկը գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է շտապօգնության բժիշկին պատմել թե ինչպես է կոտրել նշված տան սանհանգույցը և այդ ժամանակ միջանցքից վերցրել է կացինը և անկանոն շարժումներ անելով նետել նրա ուղղությամբ։ Բժշկից ընդունվել է հաղորդում։ Տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին։