29 մայիսի 2025 - 15:31 AMT
ԱԽ քարտուղար․ Սահմանազատման գործընթացը կանգնած չէ, մեծ ջանքեր են գործադրվում

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքները կասեցված չեն։

«Փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը կապի մեջ են և շարունակում են աշխատել, որ առաջ ընթանանք։ Վերջին պայմանավորվածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից մի քիչ ներքև է շարունակվելու սահմանազատումը, և փորձելու են բանակցությունների միջոցով հասնել լուծումների, որ շարունակվի սահմանազատման գործընթացը։ Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվում, որ առաջ ընթանանք»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը։

ԱԽ քարտուղարը նաև ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով ընթացող խորհրդակցությունները դիվանագիտական ուղիներով շարունակվում են, հայտնում է Panorama.am-ը։

«Դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի»,-ասել է նա։

Անդրադառնալով Խոզնավարի հատվածում հնչած կրակոցներին՝ ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանն Արդբեջանին առաջարկել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել:

Նրա խոսքով՝ խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց է ապահովվել՝ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը շարունակում են աշխատել, որպեսզի սահմանազատման գործընթացի հետ կապված առաջ ընթանան:

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։