5 հունիսի 2025 - 12:07 AMT
Աբրահամյան․ Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել։

Նա նշել է, որ իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով «խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը»:

«Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, ընտրության իրականացման մասին է:

Ճիշտ է` արցախցի որոշ գործիչների համառության հաշվին Արցախի խորհրդարանն իր գործունեությունը խիստ սահմանափակ գործառույթների պայմաններում իրականացնում է, սակայն շարունակում է մնալ իշխանության մշտական թիրախավորման դաշտում:

Այն ուժերը, գործիչները, ովքեր համարում են, որ Արցախի էջը փակված չէ և իրականում պայքարում են Արցախի հարցի միջազգայնացման և արցախցիների հավաքական վերադարձի համար, նախ պետք է հաղթահարեն իրենց վախերը, դուրս գան կոնֆորտ զոնայից և առաջնորդվեն երկարաժամկետ պայքարի ռազմավարությամբ:

Սա առաջին հերթին վերաբերվում է, պայմանականորեն, արցախյան քաղաքական դաշում գործած և ներկայումս Արցախի խորհրդարանի ներսում և դրսում գործող ուժերին, իսկ առանձին հարթությամբ էլ` ՀՀ այն քաղաքական ուժերին, ովքեր նվազագույնն Արցախի հարցում ՀՀ իշխանության դիրքորոշումը չեն կիսում»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արցախի նախագահի ընտրությունը հավանաբար մայիսի վերջին կլինի։ Նախկինում Արցախի վտարանդի կառավարության մասին վարչապետը բացասական էր արտահայտվել, այն համարել սպառնալիք Հայաստանի անվտանգությանը: