6 հունիսի 2025 - 12:05 AMT
Մասկը մեղադրել է Թրամփին երախտմոռության մեջ, Թրամփը նրան խենթ անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և միլիարդատեր Իլոն Մասկը կտրուկ հայտարարություններ են արել միմյանց հասցեին նոր օրենքի նախագծի շուրջ, ինչը հանգեցրել է Tesla-ի բաժնետոմսերի անկմանը և նրանց հարաբերությունների սրացմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր զարմանքը և հիասթափությունը Իլոն Մասկի քննադատության վերաբերյալ, որը նախկինում համարվում էր նրա դաշնակիցը, կապված հիմնական բյուջետային օրենքի նախագծի հետ։ Մասկը, իր հերթին, մեղադրել է նախագահին երախտամոռության մեջ՝ ընդգծելով, որ իր աջակցությունը վճռորոշ է եղել Թրամփի հաղթանակի համար ընտրություններում, գրում է BBC-ն։

«Մեզ մոտ Իլոնի հետ հիանալի հարաբերություններ էին։ Չգիտեմ, արդյոք դրանք այդպիսին կլինեն հիմա», — ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տանը։

Սա դարձել է Թրամփի կողմից Մասկի հասցեին ամենաուղղակի քննադատությունը այն բանի համար, որ Մասկը (ինչպես նաև մի շարք հանրապետականներ) Թրամփի ներքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից մեկը՝ «Մեկ մեծ գեղեցիկ օրենքը» հարկերի և հատկացումների վերաբերյալ, անվանել է «զզվելի աղտոտություն»։

Ի պատասխան՝ Մասկը հանդես է եկել ավելի խիստ հայտարարություններով X սոցիալական ցանցում՝ մեղադրելով նախագահին «երախտագիտության բացակայության» մեջ՝ հավելելով. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»։

Թրամփի և Մասկի վեճից հետո միլիարդատիրոջը պատկանող Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 15%-ով՝ սա վերջին երեք ամսվա ընթացքում ամենամեծ օրական անկումն է։

Մասկը լքել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտում իր պաշտոնը 129 օր աշխատելուց հետո։ Նա հեռացել է լավ նոտայով՝ մայիսի 30-ին Թրամփը նրան հանձնել է ոսկե բանալի հանդիսավոր մամուլի ասուլիսի ժամանակ։

Սակայն վերջին օրերին Մասկը բազմիցս քննադատել է Թրամփի բյուջետային օրենքի նախագիծը, որը ներկայացվել է է Կոնգրես՝ անվանելով այն «զզվելի աղտոտություն»։

«Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ եք վարվել»,–գրել է նա։

Օրենքի նախագիծը ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից հանրապետականների մեծամասնության աջակցությամբ՝ չնայած բոլոր դեմոկրատների և մի քանի հանրապետականների առարկություններին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եթե «մեծ գեղեցիկ օրենքը» չփոփոխվի, այն կավելացնի ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մոտ 600 միլիարդ դոլարով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը կրկին քննադատել է Մասկին օրենքի նախագծի նկատմամբ նրա դժգոհության համար, որտեղ կատարվում են «անհավատալի բաներ»։

«Ես շատ հիասթափված եմ, որովհետև Իլոնը այս օրենքի նախագծի ներքին խոհանոցը գիտեր ավելի լավ, քան այստեղ նստած գրեթե ցանկացածը, — ավելացրել է նա։ — Եվ հանկարծ նա բողոքներ ունի։ Նա դեռևս անձամբ իմ մասին վատ բան չի ասել, բայց վստահ եմ, որ դա կլինի հաջորդ քայլը»։

Թրամփը կարծիք է հայտնել, որ Մասկը քննադատում է իր «հիանալի գեղեցիկ օրենքի նախագիծը»՝ էլեկտրամոբիլների հարկային արտոնությունները չեղարկելու պլանների պատճառով։ Մասկը, ով գլխավորում է էլեկտրամոբիլներ արտադրող Tesla-ը, արագ արձագանքել է այդ մեղադրանքին X սոցիալական ցանցում։

«Ինձ համար ոչ մի տարբերություն չկա։ Թողեք օրինագծում էլեկտրամոբիլների և արեգակնային էներգիայի սուբսիդիաների կրճատումը, թեև նավթի և գազի սուբսիդիաներին ոչ ոք ձեռք չի տվել (շատ անարդար!!), բայց հանեք այդ զզվանքը օրինագծից։ Կլինի կամ մեծ ու տգեղ օրինագիծ, կամ՝ նուրբ ու գեղեցիկ», — ընդգծել է միլիարդատերը։

Այլ հրապարակմամբ Մասկը հերքել է Թրամփի պնդումը, որ ինքը տեղյակ է եղել օրենքի նախագծի բովանդակությանը, ինչը, իբր, անսպասելի է դարձնում իր հրապարակային քննադատությունը։

«Սուտ է։ Այդ օրինագիծը ինձ երբեք չեն ցույց տվել, այն ընդունել են գիշերվա ընթացքում այնքան արագ, որ Կոնգրեսում գրեթե ոչ ոք չի հասցրել կարդալ այն», — գրել է Մասկը։

Միևնույն ժամանակ, Թրամփը շարունակել է պնդել իր տարբերակը Truth Social սոցիալական ցանցում՝ հայտարարելով, որ վեճի հիմքում հենց էլեկտրամոբիլներն են։

«Իլոնը մի քայլ էր մնում պայթելուց, ես խնդրեցի նրան հեռանալ, ես չեղարկեցի նրա էլեկտրամոբիլների մանդատը, որը ստիպում էր բոլորին գնել էլեկտրամեքենաներ, որոնք արդեն ոչ մեկին պետք չեն (իսկ նա մի քանի ամիս արդեն գիտեր, որ ես պատրաստվում եմ դա անել), — և նա ուղղակի փոխվեց», — այսպես է նկարագրել ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է, որ բյուջեից միլիարդավոր դոլարներ խնայելու ամենաարդյունավետ միջոցը Մասկի հետ բոլոր պայմանագրերի և սուբսիդիաների դադարեցումն է։

«Մեր բյուջեում փող խնայելու ամենապարզ ձևը, միլիարդներ ու միլիարդավոր դոլարներ, դա Իլոնի պետական սուբսիդիաներն ու պայմանագրերը դադարեցնելն է։ Միշտ զարմանում էի, որ Բայդենը դա չի արել»,–նշել է նա։

Թրամփի և Մասկի միջև դիմակայությունը շարունակվել է Մասքի հայտարարությամբ այն մասին, որ անմիջապես դադարեցնում է Dragon տիեզերանավերով Միջազգային տիեզերակայան տիեզերագնացների տեղափոխումը SpaceX ընկերության կողմից՝ «նախագահի կողմից պետական պայմանագրերի չեղարկման հայտարարության լույսի ներքո»։

Բացի այդ, Մասկը վերահրապարակել է մի օգտատիրոջ գրառումը, որտեղ առաջարկվում էր Թրամփի նկատմամբ մեղադրանք առաջադրել և իշխանությունը փոխանցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Photo. Reuters