6 հունիսի 2025 - 12:24 AMT
Թովմասյան․ Բաքվի մանիպուլյացիան բացահայտվեց՝ Լատվիան հայ գերիների դեմ հայտարարություն չի արել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում տարածված հերթական մանիպուլյացիան բացահայտվել է, և իրականում հայ ռազմագերիների դեմ որևէ հայտարարություն Լատվիայի խորհրդարանի կողմից չի արվել։

«2025 թվականի մարտի 6-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, թե իբր Լատվիայի Հանրապետության Սեյմի մի շարք պատգամավորներ փետրվարին հանդես են եկել հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, ռազմաքաղաքական գերիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, գործարար, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։

Ըստ այդ աղբյուրների՝ լատվիացի պատգամավորները Վարդանյանին ներկայացրել են որպես «միջազգային վտանգ», «Պուտինի հովանավոր» և պահանջել խիստ պատիժ՝ ընդգծելով իբր «միջազգային հանրության դատապարտումը»,–ասվում է գրառման մեջ։

Թովմասյանը նշել է, որ, քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ պաշտոնական արձագանքով հանդես չի եկել այս առիթով, իսկ թեման չափազանց կարևոր է՝ հատկապես ռազմագերիների հարցում, ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստան–Լատվիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, որոշել է անձամբ պարզել ներկայացված տեղեկության իսկությունը։

«Դիմելով Լատվիայի Սեյմի մի շարք պատգամավորների, որոնց անունները ներկայացված էին ցանկում՝ ստացա միանշանակ պատասխաններ, որոնք հստակ հերքում են ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները։

Լատվիայի Սեյմի պատգամավոր Էդգարս Տավարսը ի պատասխան իմ գրավոր նամակի, տեղեկացրեց, որ նման հայտարարության կամ փաստաթղթի առկայությունը բացակայում է։

Իսկ Լատվիայի Սեյմի Հայաստանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի ղեկավար Գունարս Կուտրիսը պաշտոնապես նշել է․ «Տեղեկացնում եմ, որ նման ստորագրություններ և նամակ չեն արվել և կեղծիք են, որի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։ Իմ և Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման պատգամավորների խմբի անունից արտահայտում եմ ափսոսանք նման իրավիճակի համար»։

Ստացված պաշտոնական պարզաբանումները վերահաստատում են, որ այսպես կոչված «հայտարարությունը» իրականում գոյություն չունի, այն կեղծ տեղեկություն է՝ ադրբեջանական կողմից տարածված։

Հատկանշական է, որ նշյալ հայտարարությունը վերաբերել է ոչ միայն Վարդանյանին, այլև մի շարք հայ ռազմագերիների, որոնց ազատությունը և իրավունքների պաշտպանությունը մեր պետության սահմանադրական բարձրագույն պարտականություններից է։ Ցավով պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչ միայն չարձագանքեց այս կեղծ տեղեկատվությանը, այլև չձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ ճշմարտությունը ներկայացնելու և պետական արժանապատվությունը պաշտպանելու համար։

Ռազմագերիների հարցը չպետք է լքվի արտաքին քաղաքական օրակարգից։ Եվ հենց այդ բացը լրացնելու նպատակով եմ ձեռնարկել այս կապն ու պարզաբանումները՝ գործելով բացառապես սեփական նախաձեռնությամբ։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում կիրառել ապատեղեկատվությունն ու կեղծ միջազգային ռեակցիաների «սիմուլյացիան»՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու և իր ռազմաքաղաքական օրակարգը պարտադրելու նպատակով։

Եվ թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքական օրակարգից փաստացի հանել հայ գերիների հարցը։ Երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտեց, որ COP29-ի շրջանում է (մեկ տարի առաջ) քննարկվել գերիների հարցը՝ անպտուղ։

Հ.Գ. Շնորհակալ եմ Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանին՝ այս հարցում ինձ հետ միասին հետևողական լինելու համար»,– նշել է Թովմասյանը։

Նա նաև հրապարակել է վերոնշյալ փաստաթղթերի լուսանկարները։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։