6 հունիսի 2025 - 12:38 AMT
Ֆինանսների նախարարը ներկայացրել է վարչապետի գրասենյակի 2024-ի բյուջեի կատարողականը

Ազգային ժողովում շարունակվում են 2024 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի կատարողականը։

Նախարարը նշեց՝ 2024 թվականին ընդհանուր գումարը կազմել է 21 միլիարդ 600 միլիոն դրամ, հայտնում է 1lurer.am-ը։

Վարչապետի աշխատակազմն իրականացնում է 11 ծրագիր, և նախնական պլանով հաստատվել է 51 միջոցառում, այնուհետև իրականացվել է 63 միջոցառում: Ծրագրի կատարողականը եղել է 93,1 տոկոս:

Տարվա ընթացքում աշխատակազմն իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ:

Կատարվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի գնումներ, որից՝ 1 անձից գնումները կազմել են 346 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 18 տոկոսն է:

Աշխատակազմն իրականացնում է պետական հատվածի արդիականացման ծրագիր, հանրային իրազեկում, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում, տեսչական վերահսկողության ծրագիր, միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում:

Աշխատակազմն ունեցել է եկամուտներ՝ 1 միլիարդ 235 մլն դրամի չափով: