ԱԺ շենքի դիմաց արևմտամետ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցի։
«Ռուսաստան, դուրս Հայաստանից», դավաճաններ, առևտրականներ»,-ԱԺ դիմաց ցուցապաստառ բռնած՝ ռուսերենով բղավում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, հայտնում է Panorama.am-ը։
«Մեր ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն այլևս Ռուսաստանին չի դիտարկում դաշնակից։ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիցները։ Իրենք այլևս այստեղ չպետք է մտնեն որպես սեփական դուքյան։ Մի քանի անգամ ավել պետք է մտածեն Հայաստան գալիս։ Պատահական չէ, որ Մատվիենկոն ասուլիս չի տալիս, ցավագին հարցերից է խուսափում»,-ասել է Բաբաջանյանը։
Իր հերթին, Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը նշել է, որ ՌԴ-ին ուղղված մեղադրանքներ չունեն, սակայն քննադատում են Հայաստանի իշխանություններին։
«ԱԺ-ն 64 օր առաջ ընդունեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, բայց մինչ այսօր ոչ մի հայտ ԵՄ չի ներկայացրել»,-ասել է Խզմալյանը։
Ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ։ Տեղում գտնվում է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ հավելելով միայն, որ ապահովում են հասարակական կարգը։
Ազգային ժողովի շենքի առջև լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հակառուսական վանկարկումներ հնչեցնող արևմտամետ ցուցարարներին են միացել մի խումբ քաղաքացիներ՝ ձեռքերին պահած պաստառներ՝ «եղբայրական ժողովուրդներ», «Հայաստանն ու Ռուսաստանը՝ հավերժ դաշնակիցներ» ռուսալեզու գրություններով, հայտնում է Aysor.am-ը։
Ի տարբերություն արևմտամետների, նրանք ԱԺ-ի մոտ են հավաքվել՝ ողջունելու Մատվիենկոյի այցը Հայաստան։
«Էդ սադրիչներին հետ տարեք, ոչ թե մեզ հեռու ուղարկեք, մենք այստեղ ենք կանգնելու, այս թայֆեն սադրիչներ են»,-արևմտամետներին մատնացույց անելով՝ ասել է «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։
«Թուրքի գործակալներ»,-վանկարկել են ռուսական պատվիրակությանն աջակցող քաղաքացիները։
«Հիմա այդ Եվրոպական դրոշը, որ այստեղ պարզել են, դուք Եվրոպայից որևէ արձագանք ստացե՞լ եք, չէ՞ որ ասում եք՝ ԵՄ եք գնում, խորհրդարանը հաստատեց, բայց ԵՄ-ն ձեզ ողջունե՞լ է, ինչ-որ բան ասե՞լ է։ Մեր ապրանքաշրջանառությունը, մեր երկրի գոյությունն այսօր կախված է ՌԴ-ից։ Ճի՛շտ է, այս սադրիչներն ուզում են ՀՀ-ն մտցնել թուրքական կրնկի տակ, դարձնեն Թուրքիայի վիլայեթ։ Դրա համար ենք այստեղ՝ ողջունելու Մատվիենկոյի այցը ՀՀ և վստահ ենք, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը նորից կվերգտնենք»,-ասել է Ստեփանյանը։