Սյունիքում մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված երիտասարդներն ընտանիքի անդամներ չեն: Այդ մասին հայտնել է Արավուս գյուղի ներկայիս ղեկավար Արթուր Ջհանգիրյանը:
«Սահմանը մոտիկ է, գնացել են գիշերը։ Երիտասարդները նույն ընտանիքի անդամ չեն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Արավուսի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել է, որ երիտասարդները մոլորվել են գիշերը և, ամենայն հավանականությամբ, այդ պահին ձիերի հետևից են գնացել։
Հովսեփյանի տեղեկացմամբ՝ այդ տարածքում եղած որոշ արոտավայրեր ընդամենը մի քանի մետր են հեռու ադրբեջանական դիրքերից, ինչը նման միջադեպերի հավանականությունը մեծացրել է։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում «սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները»։
«Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենց քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել․․․
Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից»,–նշել է նա։
Երկու դեռահաս տղաներ՝ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007 թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008 թ.), հայտնվել են Ադրբեջանի տարածքում, երբ 2025 թվականի հունիսի 6-ի լույս գիշերը՝ մոտավորապես ժամը 01:20-ին, մոլորվել են Սյունիքի մարզի Արավուս գյուղի մոտակա տարածքում։