6 հունիսի 2025 - 16:59 AMT
Փոխվարչապետը հուսով է, որ ՀՀ մարզերի և ՌԴ սուբյեկտների միջև պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի ղեկավարներ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, որոնք ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին։

Փոխվարչապետը, դիմավորելով հյուրերին, շեշտել է, թե որքան կարևոր է զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը և հույս է հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։

Հանդիպման ժամանակ քննարկում են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և տուրիզմի ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունների շուրջ։