9 հունիսի 2025 - 10:38 AMT
ՀՀ պարաբազկամարտիկները 15 մեդալ են նվաճել ԵԱ–ում, որից 7–ը՝ ոսկե

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կազմում հանդես եկած մարզիկներն հաջողություն են ունեցել ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքով պայքարում՝ տարբեր քաշային կարգերում։

Եվրոպայի առաջնության ձախ ձեռքով պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Սարգիս Ստեփանյանը, Վալտեր Հարությունյանը, Գևորգ Համբարձումյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գուրգեն Անտոնյանը, Վոլոդյա Բազեյանը և Կամո Կարապետյանը, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

Աջ ձեռքով մրցումների արդյունքներով առաջին տեղում են հայտնվել Վալտեր Հարությունյանը, Վոլոդյա Բազեյանը և Նաիրա Մեսրոպյանը։ Արծաթե մեդալով պարգևատրվել են Գուրգեն Անտոնյանն ու Շահեն Բաբայանը, իսկ Հայկ Ստեփանյանը, Էդվարդ Նիկողոսյանն ու Սևակ Սիմոնյանը գրավել են երրորդ հորիզոնականը։