14 հունիսի 2025 - 11:17 AMT
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին. Գլխավորը

Հունիսի լույս 14–ի գիշերն Իրանը պատասխան հարվածների շարք է հասցրել Իսրայելին՝ ընդհանուր առմամբ 5 փուլով։ Հարվածներ են հասցվել այդ թվում Թել‑Ավիվի և Երուսաղեմի ուղղությամբ:

Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորի մասին։ Թել Ավիվին մեծ վնասներ են հասցվել, իսկ Ռամաթ Գանում առկա են «կառուցվածքային վնասներ»։ Տեղեկությունը հրապարակել է The Jerusalem Post-ը։

Ավելի ուշ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ մարդիկ կարող են դուրս գալ ապաստարաններից, հայտնում է Deutsche Welle-ն։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, Ահմադ Վահիդին հայտնել է, որ Իրանը հարվածել է 150 օբյեկտրի, այդ թվում «Նատվիմ» և «Օվդա» օդակայաններին, որտեղ տեղակայված են եղել F‑35, F‑16, F‑15 կործանիչներ, ինչպես նաև տրանսպորտային և վառելիք տեղափոխող ինքնաթիռներ:

Իրանական IRNA գործակալության տվյալներով թիրախավորվել են Իսրայելի զինված ուժերի և Պաշտպանության նախարարության շենքեր։ Թեհրանը հայտարարել է նաև երկու F‑35 կործանիչների ոչնչացման մասին, սակայն IDF–ն չի հաստատել դա։

Իսրայելն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իրանին։

Նույն գիշեր Թեհրանում պայթյուններ են լսվել, ըստ նախնական տեղեկությունների, Մեհրաբադ օդակայանում տեղի ունեցած հարվածի հետևանքով։

Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։