14 հունիսի 2025 - 11:44 AMT
Փաշինյան․ Նախկինում Թուրքիային հարց էինք տալիս երրորդ երկրի միջոցով, հիմա ուղիղ և ամենօրյա կապ ունենք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում անցկացվող GLOBSEC 2025 համաժողովի ժամանակ, անդրադառնալով հայ–թուրքական կարգավորմանը, նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։

Նա ընդգծել է՝ այսօր երկու երկիրն անմիջական կապի մեջ են, իսկ նախկինում դա հնարավոր չէր առանց երրորդ երկրների միջնորդության։

«Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ Երեք տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ և նույնիսկ ամենօրյա շփում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է՝ այս զարգացումները կտանեն դեպի դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում և տնտեսական համագործակցության ընդլայնում։ Ըստ նրա՝ այդ փոփոխությունները ժամանակի խնդիր են։

«Սա կապված է նաև տարածաշրջանային լայն տնտեսական օրակարգի հետ։ Բայց, ինչպես արդեն ասել եմ, մենք հետևողականորեն շարժվում ենք կայուն խաղաղության հաստատման օրակարգով։ Դա մեր պարտականությունն է, և մենք վճռական ենք դրան հասնելու։ Տեսնում ենք նաև Թուրքիայի պատրաստակամությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցանկությունը խաղաղության հասնելու։ Իհարկե, կան որոշ նրբերանգներ, որոնք պետք է հասցեագրել, բայց վստահ եմ՝ մենք կկարողանանք դա անել»,- ասել է ՀՀ վարչապետը։

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Անկարա կատարելիք այցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին պտտվող խոսակցություններին, ոչ հաստատել, ոչ էլ մերժել է այդ լուրերը։ Ավելի վաղ 24News-ը, հղում անելով սեփական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Էրդողանի հետ։

Մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ։ Անցած տարի սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի էր ունեցել Փաշինյանի և Էրդողանի ևս մեկ հանդիպում: