17 հունիսի 2025 - 10:56 AMT
Հայ Դատը մտահոգ է Սյունիքի նկատմամբ սպառնալիքների սրմամբ և միջազգային արձագանքի կոչ է արել

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որով խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում սրվող լարվածության ֆոնին Ադրբեջանի կողմից Հայաստանի Սյունիքի նկատմամբ սաստկացող սպառնալիքների վերաբերյալ։

Խորհուրդը փաստել է, որ Իրանի և Իսրայելի հակամարտության հետևանքով տարածաշրջանային անկայունությունն էլ ավելի է խորացել՝ խթանելով Բաքվի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների ռիսկը, որոնք կարող են վտանգել Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը։ Հայ Դատը միջազգային հանրությանը հորդորել է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակավ հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից», ինչպես նաև պարբերաբար սպառնացել է այդ նպատակով ուժ կիրառել։ Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․

Ադրբեջանի թշնամական քաղաքականության աճ. Ադրբեջանը հետևողականորեն վարել է տարածքապահանջ քաղաքականություն, որի նպատակն է ռազմավարական շրջանների վերահսկողության հաստատումը՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» կոչվող պատրվակի ներքո։ Այս համատեքստում Հայ Դատը կրկին ընդգծել է՝ «Զանգեզուրի միջանցք» գաղափարի շուրջ ձևավորված հիմնավորումները շինծու են, և Հայաստանի ցանկացած տարածքի բռնագրավման փորձ կդիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում։

Տարածաշրջանային լարվածության խորացում. Իրանի և Իսրայելի հակամարտության շարունակականությունը վտանգում է Հարավային Կովկասի անվտանգության պատկերը։ Ադրբեջանը, օտար դաշնակիցների խրախուսմամբ, սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար՝ փորձելով այն դարձնել աշխարհաքաղաքական վերադասավորումների զոհ։ Ըստ Հայ Դատի՝ միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ արձագանքել և կանխել նման ռազմական սադրանքների ցանկացած փորձ։

Միջազգային գործողությունների հրատապություն. Հայ Դատը դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (հատկապես նրա հինգ մշտական անդամներին), Եվրոպական Միությանը և Հայաստանի գործընկեր ու դաշնակից երկրներին՝ կոչ անելով կանխել Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտությունների շահարկումը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ առաջ տանելու նպատակով։ Հայ Դատը նաև կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը՝ գործադրել համապատասխան դիվանագիտական ջանքեր՝ զսպման հստակ մեխանիզմներ կիրառելու համար։

Ռազմական և դիվանագիտական աջակցություն. Հայ Դատը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը հրատապ կերպով անհրաժեշտություն ունի ուժեղացված դաշնակցային և գործընկերային աջակցություն ստանալու՝ աճող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Դիմելով բարեկամ պետություններին՝ խորհուրդը կոչ է արել վերահաստատել իրենց հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ կիրառելով անվտանգության երաշխիքներ, դիվանագիտական նախաձեռնություններ և ռազմավարական համագործակցության քայլեր։

«Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հանձնառու­թյանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու առաջնորդներին հաշվի առնել իրավիճակի լրջությունը, չանտեսել իրական սպառնալիքները և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում»,-ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։