17 հունիսի 2025 - 11:30 AMT
Իսրայելի հարվածից Իրանի հեռուստատեսության 3 աշխատակից է զոհվել, Թրամփը հորդորել է Թեհրանի բնակիչներին տարհանվել

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հունիսի 16-ին, ավիահարված է հասցրել Թեհրանում տեղակայված Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) շենքին. պայթյունը տեսանելի է եղել ուղիղ եթերում։

Հեռուստահաղորդավարը, որը զայրացած ելույթ էր ունենում Իսրայելի դեմ, լքել է ստուդիան, բայց շուտով եթերը վերսկսվել է, հաղորդում է FARS տեղեկատվական գործակալությունը։

Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, թե ինչպես այրվող շենքից ծուխ է բարձանում, հայտնում է Deutsche Welle-ն։

ՑԱԽԱԼ-ը հայտնել է, թե «շենքն օգտագործվում էր Իրանի բանակի կողմից՝ քաղաքացիական գործունեության քողարկման տակ»։

Մինչ հարվածը, իսրայելական զինվորականները պարսկերենով նախազգուշացրել են Թեհրանի հյուսիս-արևելյան թաղամասում բնակվող մոտ 300,000 անձանց, որ անհապաղ լքեն իրենց բնակարանները, քանի որ առաջիկա ժամերին ՑԱԽԱԼ-ը «գործողություններ է ձեռնարկելու՝ իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքների դեմ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գիշերը Իսրայելի օդուժը մի քանի խոշոր հարված է հասցրել Իրանի ռեժիմի ռազմական օբյեկտներին՝ երկրի արևմտյան հատվածում։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են տասնյակ հրթիռների («երկիր-երկիր» դասի) պահեստներ և արձակման ենթակառուցվածքներ։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև «երկիր-օդ» հրթիռների արձակման կայաններին ու անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին՝ Իրանի արևմուտքում», – նշվում է բանակի Telegram ալիքում։

Իսրայելի կողմից Իրանի պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իրանին՝ հայտարարելով, որ այդ երկիրը պետք է ընդուներ այն համաձայնագիրը, որն ինքը նախկինում առաջարկել էր։

Նա նաև նշել է, որ Թեհրանի բնակիչները պետք է տարհանվեն։

«Ինչպիսի ամոթ և մարդկային կյանքի ապարդյուն կորուստ. Պարզ ասած՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասել եմ բազմիցս։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»,–գրել է նա։

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հունիսի 17-ի գիշերը Իսրայելի օդուժը մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։

Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողությունը՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «վերադարձի անհնարին կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։

Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։

Իսրայելը հայտնել է ավելի քան 20 զոհի և ավելի քան 600 վիրավորների մասին։ Իրանն էլ հայտնել է ավելի քան 220 զոհերի և առնվազն 1.800 վիրավորների մասին։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։