Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, որտեղ հարցաքննվում է։ Այս տեղեկությունը տրամադրել են Factor TV-ի աղբյուրները իրավապահ մարմիններից։
Կարապետյանի ներկայիս կարգավիճակը՝ որպես վկա, կասկածյալ կամ այլ, դեռ պարզ չէ, գրում է Factor.am-ը։
«Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությմբ՝ նշելով, որ տեղի ունեցած իրադարձությունները «հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը», հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նաև նշել է, որ երբեք չի հրաժարվի իր սկզբունքներից ու արժեքներից։
«Առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց»,-ասված է հայտարարության մեջ։
Կարապետյանը նշել է, որ իր և իր ընտանիքի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են հայրենիքն ու հայրենակիցները, և այդ նվիրումը շարունակվելու է։
«Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,-նշված է հայտարարության վերջում։
Հունիսի 17-ին իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Սամվել Կարապետյանի բնակարանում, ինչը հաջորդել է նրա՝ Հայ Առաքելական Եկեղեցուն ուղղված հրապարակային աջակցությանը։ Kարապետյանի այդ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել վիրավորական ու սպառնալից գրառումներով՝ ուղղված գործարարին։
Երևանում գտնվող նրա առանձնատան մերձակայքից մի շարք անձինք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։ Իսկ կեսգիշերից հետո Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տեղափոխվել են ՆԳՆ տարածք։ Ավելի ուշ Կարեն Կարապետյանը լքել է6-րդ վարչության շենքը։ Նախնական տվյալներով Սամվել Կարապետյանը դեռ գտնվում է Քննչական կոմիտեում, սակայն նրա կարգավիճակը մնում է անհայտ։
Իրավիճակին անդրադարձել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտնելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող գործընթացներին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իշխանություններին կոչ է արել դադարեցնել գործարարի նկատմամբ իրականացվող հետապնդումները։