ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումներին, ասել է, որ վերջինիս «հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր»։
Նա հավելել է, որ չի հանդուրժի, որ «որևէ մեկի լեզուն պտտվի, նման բան ասի», և որ «ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող», գրում է Radar.am-ը։
«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից, իրենց ձևերով ինչ-որ բան անել։
Ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի, նման բան ասի։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք։
Բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, և ես, ինչքան էլ ժողովրդավարություն, բայց ամենակոշտ, կոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասել է նա։
Նա նշել է, որ Կարապետյանի հայտարարությունը ոչ մի կապ չունի եկեղեցու շահերի հետ:
Վարչապետը հայտնել է, որ մեկ ամիս առաջ կառավարության անդամներին հանձնարարական է տրվել ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին։
Ըստ վարչապետի, իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է։
«Ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ։ Կառավարության անդամները սկսել են աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ են տվել, որ հաշվարկում եք՝ ժողովրդին, պետական ու մասնավոր կազմակերպություններին ինչ վնաս եք հասցրել։ Լոռի այց եմ կատարել, ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Իսկ եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է։ ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։
Վարչապետն ասել է, որ Կարապետյանի ակտիվությունը սկսել է իր հանձնարարականից հետո՝ այդ զարգացումները կապելով ՀԷՑ-ի շուրջ որոշումներին, գրում է Sputnik Արմենիան։
Նա տեղեկացրել է, որ ԱԺ-ում արդեն շրջանառվում է ՀԷՑ-ի ազգայնացման մասին օրինագիծ։
«Ամեն ինչ տեղի է ունենալու օրենքի սահմաններում, ու քրեական վարույթները սրա հետ կապ չունեն. կապ կստեղծվի, թե ոչ, դա այլ խնդիր է»,– նշել է նա։
Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։
Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։