Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվել է հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Որոշվել է Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Այս մասին դատարանի դիմաց գտնվող քաղաքացիներին հայտնել են նրա փաստաբանները:
«Մեր գնահատմամբ սա ապօրինի է, բողոքարկելու ենք: Այս ձևով ցանկացած անձի կարելի է կալանավորել»,- ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը, հայտնում է Factor.am-ը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը քրեական վարույթ է հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։ Քրեական գործը սկսվել է զանգվածային լրատվամիջոցներով տրված հարցազրույցի առնչությամբ, որի ընթացքում, ըստ հաղորդման, Սամվել Կարապետյանն արտահայտել է կոչեր, որոնք ուղղված են եղել «ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանություն զավթելուն և կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Կարապետյանը News.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում քննադատության թիրախ է դարձրել եկեղեցուն և հոգևորականներին։
«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով Հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- հարցազրույցի ժամանակ նշել է գործարարը։