20 հունիսի 2025 - 10:40 AMT
Իրանի հետ սահմանից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարությամբ՝ Հայաստան-Իրան սահմանին տեղակայված են փոքր ու միջին ավտոբուսներ, որոնք Երևան են տեղափոխում քաղաքացիներին սահմանված սակագնով։

Այս քայլը իրականացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ տաքսի ծառայություններն անարդարաչափ բարձր վարձավճարներ են պահանջել Իրանից ժամանած ուղևորներից, հայտնում է Արմենպրեսը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ սահմանային անցակետում մինչև այժմ մարդկանց կուտակումներ չեն արձանագրվել, և սահմանը հատող մարդկանց հոսքը մնացել է բնականոն։

«Այնպես որ, հատուկ միջոցառումների անհրաժեշտություն կամ մարդկանց տեղափոխման խնդիր չէր եղել: Սակայն առաջացել էր տաքսիների հետ կապված հայտնի պատմությունը: Ձևավորվել էր արհեստական գնագոյացում, ինչը անթույլատրելի էր: Հետևաբար, մեր գործընկերների հետ քննարկելով, որոշեցինք, որ կլինեն փոքր և միջին ավտոբուսներ, որոնք արդեն իսկ գործում են: Ավտոբուսներն արդեն մաքսատանն են, դրանց վրա պարսկերենով գրված է, որ մեկ նստատեղն արժե մոտ 12,000 դրամ: Մարդիկ կարող են նստել ու տեղափոխվել Երևան», - ասել է Ղուկասյանը:

Մարզպետը նշել է, որ սահմանը հատողների թվում կան նաև անձինք, ովքեր աշխատանքային նպատակներով գտնվել են Իրանում ու ներկայումս վերադառնում են իրենց երկրներ։ Քանի որ Իրանի օդային տարածքը շարունակում է մնալ փակ, այդ ուղևորները ստիպված են ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի տարածքով հասնել Զվարթնոց օդանավակայան և այնտեղից մեկնել իրենց նպատակակետեր։

«Հետևաբար, հաշվի առնելով մարդկանց փոքր հոսքը, հումանիտար որևիցե միջամտության անհրաժեշտություն չկա: Մարզի հյուրանոցները նույնպես ստանդարտ զբոսաշրջային թվերի մեջ են: Ինչ վերաբերում է տաքսիստներին, նրանց փոխանցել ենք խիստ զգուշացնել, որպեսզի չօգտվեն այս իրավիճակից: Արդեն իսկ կան տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն մարդկանց ստանդարտ գներով: Իսկ եթե գնային շուկան կարգավորվի, միգուցե մտածենք հետ քաշելու մասին, որովհետև իրականում այնքան փոքր է մարդկանց հոսքը, որ նման գործողությունների անհրաժեշտություն չկար: Սակայն, քանի որ ստեղծվել էր նման իրավիճակ, որոշեցինք, որ պետք է միջամտենք», - հավելել է մարզպետը:

Ղուկասյանի խոսքով, եթե իրավիճակն ինչ-որ կերպ վատթարանա, Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ կձգտեն ձեռնարկել հնարավորինս արդյունավետ քայլեր։

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինն ասել է, որ Մեղրիի անցակետում ավտոմեքենաների կուտակումը պայմանավորված չէ ներկայիս պատերազմական իրավիճակով: Պատճառը Հայաստանի և Իրանի միջև սահմանային անցակետերում տարածքի և կանգառների չափն է, որի ընդլայնման ուղղությամբ հիմա աշխատանքներ են իրականացվում:

«Երկու երկրների սահմանային անցակետում տարածքի և կանգառների սահմանափակման խնդիր կա: Հենց այդ նպատակով անցակետերի բարեկարգման և ընդլայնման աշխատանքներ են ընթանում: Այս պահին իրանական անցակետում ավելի քան 500 հայկական բեռնատարներ սպասում են բեռ բարձելուն, որպեսզի մուտք գործեն Հայաստան: Այս քանակի մեքենաները մեծ խցանումների պատճառ են դարձել և, նույնիսկ, փակել են գլխավոր մայրուղին»,- նշել է իրանցի դիվանագետը:

Աբեդինը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ կապված չէ պատերազմի ընթացքի հետ։

«Հայ վարորդները անցնում են իրանական կողմ, կայանում իրենց մեքենաները և վերադառնում Մեղրի կամ Ագարակ՝ իրենց տները: Այս խնդիրը երկար ժամանակ քննարկվում է հայկական կողմի հետ: Շատ հնարավոր է՝ իրանական կանգառում որևէ դեպք պատահի. բազմիցս են դեպքեր եղել: Շատ հաճախ մեծ դժվարությամբ է հաջողվում գտնել բեռնատարների վարորդներին և խնդրին արագ լուծում տալ:

Իրանական կողմի առաջարկն է՝ մեքենաների կուտակումների ժամանակ հայկական բեռնատարները Իրանի անցակետ չհասնեն և մնան հայկական կանգառում, թեպետ հայկական անցակետն էլ կայանատեղիի և ընդունելության սահմանափակումներ ունի. օրական առավելագույնը 100-120 հայկական բեռնատար է կարողանում ընդունել:

Հայաստանի անցակետի աշխատակիցները մի քանի օր առաջ այցելեցին իրանական անցակետ, մոտիկից ծանոթացան խնդիրներին, կանգառի տարողությանը: Իրանական կողմn այս դեպքում առաջարկում է, որ հայկական բեռնատարներն առաջիկա օրերին ժամանակավոր մուտք չգործեն Իրան, սպասեն մինչև մեքենաների հոսքը թեթևանա: Երբ հայկական բեռնատարների կայանատեղին համեմատաբար դատարկվի, այդ ժամանակ էլ հայկական անցակետի թողունակությանը համապատասխան որոշակի քանակով մեքենաներ բաց կթողնեն դեպի Իրան:

Սա երկու առավելություն ունի. նախ՝ հայկական բեռնատարները անտեղի չեն սպասի իրանական կանգառում և խնդիրներ չեն ունենա: Երկրորդ՝ մուտք գործելիս նույն օրը կբարձեն իրենց բեռը և հաջորդ օրը դուրս կգան կայանատեղիից: Սա կարճ- համառոտ բացատրություն է մեր երկկողմանի հանդիպումների արդյունքից: Մեր նպատակն է երկկողմանի անցակետերում բեռների առավելագույն արտահանում և ներմուծում իրականացնել, ինչպես նաև վարորդների համար հարմարավետ միջավայր ստեղծել: Այս պահին Հայաստանի և Իրանի անցակետերում լայնածավալ շինարարություն է ընթանում և դա նաև բացասաբար անդրադառնում բեռների տեղափոխման գործընթացի վրա»,- նշել է ԻԻՀ հյուպատոսը։

Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։։