«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը մանրամասներ է ներկայացրել պոլսահայության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից, տեղեկացնում է Aravot.am-ը։
Նա նշել է, որ հանդիպմանը մոտ 50 մարդ էր ներկա՝ համայնքային հաստատությունների վարիչներ, 8-10 լրագրող, Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը և Հայ բողոքական համայնքի հոգևոր պետը, իսկ Հայ առաքելական եկեղեցուց որեւէ հոգևորական չկար։
«Հայ առաքելական եկեղեցու բացակայությունը զգալի էր: Վարչապետն ասաց, որ եթե իրենք չեն եկել, ես կգնամ իրենց մոտ: Բայց նրանք ամբողջ պատրիարքարանի շենքը փակել էին` կարծես թե չհանդիպելու համար վարչապետի հետ: Ու դա շատ ամոթալի էր Թուրքիայի հայ համայնքի համար, հայ պատրիարքարանի համար, վարչապետի դեմ շատ անհարիր, մեղադրելի կեցվածք էր, ներկաներն էլ խափանեցին այդ կեցվածքը»,-ասել է Էստուկյանը։
Էստուկյանը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են պատմական թեմաներ ևս։
«Այո, եղել է նման խոսակցություն, և վարչապետը հստակորեն ասաց, որ Արաքս գետի հանդիպակաց ափը Թուրքիա է, այլ ոչ թե Արևմտյան Հայաստան: Ասաց՝ եթե մենք Արևմտյան Հայաստանից խոսենք, ուրիշներն էլ Արևմտյան Ադրբեջան պիտի կոչեն մեր երկիրը… Մի փակագիծ բացեմ՝ Փաշինյանը Թուրքիա այցելած առաջին անձնավորությունը չէ որպես Հայաստանի ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է եկել, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ… Հիմա տպավորություն է ստեղծվում՝ կարծես թե Փաշինյանը հրաժարվում է մեր հողային պահանջներից, բայց ոչ… երեք նախագահներն էլ ժամանակին պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջ չունի այժմյան Թուրքիայի Հանրապետությունից, սակայն այդ ամենը մոռացվել է, ու հիմա ասում են՝ ոնց, Փաշինյանը հրաժարվում է Արևմտյան Հայաստանից: Այդպես էլ այսօր շատերը խոսում են Արցախի վերադարձի մասին, բայց պետք է գիտակցենք իրողությունը…
Մենք 100 տարի մտածել ենք, որ ուրիշները կգան մեր գրավյալ հայրենիքը կազատագրեն և մեզ կվերադարձնեն, նման հիմարություն գոյություն չունի…Արցախի վերադարձի մասին մտածելն էլ է հիմարություն, Արցախի համար մարտնչողները, կռվի դաշտը լքողները հիմա պիտի վերադարձի ե՞րգ երգեն…Արցախ վերադարձը Արցախի նվաճումով կարող է լինել, իսկ նվաճելու համար պետք է ուժ ունենանք, ո՞ր արցախահայը պետք է Արցախ գնա, իրենք անգամ Հայաստանում չեն ուզում մնալ…90-ականներից սկսյալ ՝ արցախցիների առաջին գաղթավայրը Ռուսաստանն է եղել, ոչ թե Հայաստանը»,-նշել է նա։
Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ ինչ ակնկալիքներ ունի Էստուկյանը Էրդողան-Փաշինյան բանակցություններից։
«Օրակարգում անլուծելի մնացած խնդիրներ կան, որոնց մասին որոշ համաձայնություններ գոյացած են, բայց գործնականի չեն անցել: Այդ համաձայնությունների՝ գործնականի անցնելն ենք նախ ակնկալում, ինչպես նաեւ ցամաքային անցակետի բացումը, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փոխադարձ դեսպանատների բացումը Երեւանում եւ Անկարայում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հյուպատոսության բացումը Ստամբուլում: Սրանք են մեր ակնկալիքները՝ հարաբերությունների բնականոնացում, երկխոսության հաստատում։
Վարչապետը բացատրեց, որ եթե երկու երկրները միմյանց հետ խոսելու կարիք ունեին, նախկինում պետք է դա անեին երրորդ երկրի միջոցով, իսկ հիմա բարեբախտաբար ընթացքն այդպիսին չէ, մենք ուղղակի շփում ունենք իրար հետ, ինչը դրական զարգացում է, չնայած անշուշտ անբավարար զարգացում է»,-ասել է նա։
Լրագրողը հարցրել է նաև՝ հանդիպման ժամանակ որևէ անդրադարձ եղե՞լ է Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
«Այդ ուղղությամբ հարցում էլ չի եղել, բացատրություն՝ էլ»,-ասել է Էստուկյանը։
Նա ավելացրել է, որ վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները։
«Իմ միակ ցանկությունը Հայաստանի Հանրապետության կեցվածքի մեջ որոշ վճռականություն պահելն է, և սա բացահայտորեն հայտարարելը: Այսօր վարչապետը մանրամասնեց Խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ասաց, որ արգելք չկա դեպի արևելք ապրանքների փոխադրության դիմաց, իսկ արևելք գնալու միակ ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, որ Հայաստանի կողմից փակված է: Դա Հայաստանի հողային տարածքն է, և այդտեղով անցնելու համար դուք ստիպված եք մաքսային քննության մատնվելու, ստուգվելու, ինչը ցանկացած անկախ պետության սահմանն անցնելիս է արվում, նույնը կկատարվի Հայաստանի սահմանի վրա…»,-ասել է «Ակօսի» խմբագիրը։
Փաշինյան–Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։