23 հունիսի 2025 - 12:42 AMT
Պապոյան․ Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն հատել է ՌԴ մաքսային սահմանը

Հունիսի 1-20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն 10 օրից ավելի է, ինչ ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Նշվում էր, որ բեռնատարների վարորդները պատշաճ կերպով չեն ծանուցվում գործընթացը խոչընդոտող պատճառների մասին․ խոսակցություններ կան, որ խնդիրը պայմանավորված է ինչ-ինչ թղթաբանական անճշտություններով։