23 հունիսի 2025 - 15:00 AMT
Պուտինն Արաղչիին ասել է` Իրանի դեմ ագրեսիան ոչ մի արդարացում չունի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ ՌԴ նախագահն ասել է, որ Իրանի դեմ իրականացված հարվածները «չհրահրված ագրեսիա են, որոնք չեն կարող ունենալ արդարացում», գրում է Izvestia-ն։

«Մեր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ լավ հայտնի է։ Իրանի դեմ չհրահրված բացարձակ ագրեսիան չունի որևէ հիմք և որևէ արդարացում», — ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական և հուսալի հարաբերություններ։ Նա հավելել է նաև, որ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության պայմաններում ռուսական կողմը ջանքեր է գործադրում՝ աջակցելու իրանցի ժողովրդին։

Արաղչին Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի երեկոյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա այցի նպատակը խորհրդակցություններն են Ռուսաստանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակին։ Հետագայում Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը իրականացնում են սերտ խորհրդակցություններ՝ համատեղ դիմակայելու ընդհանուր սպառնալիքներին։

Հունիսի լույս 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանում երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Իսֆահանում իրականացված հաջող հարվածի մասին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ այդ օբյեկտները լիովին ոչնչացվել են և այս գործողությունն անվանել է նշանակալի ռազմական հաջողություն։ Իսրայելը հունիսի 13-ից սկսած ամեն օր օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ նպատակ ունենալով վերացնել իսլամական հանրապետության հրթիռային և միջուկային ծրագիրը։

Photo. Ria Novosti