Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում, հայտնում է արդարադատության նախարարությունը։
Նախագծերի ընդունման արդյունքում կնախատեսվի նաև վիրավորանք և զրպարտություն հանդիսացող հրապարակային նյութերը հեռացնելու իրավական հնարավորություն՝ ի կատարումն Սահմանադրական դատարանի որոշման:
Դադունցը ներկայացրել է օրենքների նախագծերի հիմնական դրույթներն ու նպատակները, ընդգծել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկումների կարևորությունն օրենսդրական փոփոխության գործընթացում։
Քննարկման ընթացքում Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության ղեկավար Մարգարիտա Զալիբեկյանն առավել մանրամասն ներկայացրել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների ամբողջական փաթեթը։ Նա անդրադարձել է նաև համաշխարհային փորձին՝ ընդգծելով դրա դերը քննարկվող փոփոխությունների համատեքստում։
Հանդիպման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչները հնչեցրել են իրենց առաջարկները, մտահոգություններն ու հարցերը։ Տիգրան Դադունցը նշել է, որ բոլոր առաջարկներն առաջիկայում կհավաքագրվեն և կքննարկվեն։