«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նա տեղեկացրել է, որ որոշումը բողոքարկելու են, հայտնում է Արմենպրեսը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու» հոդվածներով։
Նա իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է իր նկատմամբ քաղաքական հետապնդում։
Քննչական կոմիտեն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։ Մնացած միջնորդությունները նույնպես նախատեսվում է քննության առնել հունիսի 26-ին։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։
Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: