26 հունիսի 2025 - 10:44 AMT
Սիմոնյան․ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվել էր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, որ «Սրբազան պայքարի» գործի շրջանակում ի հայտ եկած մանրամասները, իր գնահատմամբ, վկայում են, որ կանխվել է հոկտեմբերի 27-ի կրկնության նման մի սցենար։

«Տեռորիստական ակտի նախապատրաստում էր, և որևիցե ձևով մենք չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ. սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր»,- ասել է նա՝ հավելելով, որ նպատակը երկրում քաոս ստեղծելն էր։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրության այն հատվածին, որում, ենթադրաբար, Բագրատ Գալստանյանը խոսում է մի քանի մարդու «գյուլլելու» մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Սա մարդասպանի խոսակցություն է»։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարները և մասնակիցները ծրագիր են մշակել՝ «ահաբեկչական գործողություններ իրականացնելու և իշխանությունը զավթելու» նպատակով։ Կկոմիտեն հրապարակել է մի շարք հաղորդագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ, որոնցում, ըստ կառույցի, ներկայացված են «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» մանրամասները։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ ՔԿ–ն տվյալ գործով դատարան է ներկայացրել 16 անձանց կալանավորելու միջնորդություն։ Դատարանը բավարարել է նրանցից 9-ի կալանավորման պահանջը, մեկ անձի վերաբերյալ միջնորդության քննարկումը կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին։

Հունիսի 24–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» հոդվածով և գրել է․ «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: