26 հունիսի 2025 - 11:53 AMT
Միրզոյանը Չինաստանում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով այն դինամիկ ջանքերը, որոնք ձեռնարկվում են դրանց իրագործման ուղղությամբ։

Հատուկ շեշտադրվել են Հայաստան-Չինաստան երկկողմ կապերը, այդ համատեքստում արտգործնախարարը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու նպատակով՝ ընդգրկելով ավելի ընդգծված և լայն օրակարգ։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ նման զարգացման համար կան բարենպաստ պայմաններ։ Դրանց թվում առանձնացվել են ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները, հատկապես տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի սկզբունքի շուրջ ձևավորված փոխըմբռնումը։

Քննարկման մի հատվածում Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանը, լինելով ռազմավարական խաչմերուկային դիրքում, կարող է էական դերակատարում ունենալ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման նախագծերում։

Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնց վերաբերյալ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները։

Այցի ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում։