27 հունիսի 2025 - 10:36 AMT
Հայր Ասողիկ․ Այն, ինչ կատարվում է երկրում, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պետական դեմքերի մեղքն է

Հայր Ասողիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այն, ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր երկրում, «հայ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, նախկին ու ներկայիս պետական դեմքերի մեղքն է»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը:

Ահա՛, այսպես է վարվել դարեր շարունակ հայ մարդը՝ մաքառելով և հարատևելով, երբեք չմոլորվելով իր պատմական առաքելությունից: Եվ միայն որոշ ավազակներ են, որ անցյալում բորենիների պես ներխուժել են ՍՐԲԱՎԱՅՐ՝ Մայր Տաճարի խաչը խորտակելու, սրբությունները պղծելու, Տիրոջ Օծյալի վրա սուր բարձրացնելու... Եվ այդ բոլոր հարձակումներն իրականացնողներն ստացել են իրենց արժանի պատիժը՝ աստվածային ահեղ վրեժը հենց ա՛յս աշխարհում:

Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի, աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ: Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:

Ձեր ստոր քաղաքական խաղերը չփորձեք «խաղալ» ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ, արդեն բավական է, որ դուք բոլորդ՝ համագումար քաղաքական ուժերդ, Հայաստան երկիրը դարձրիք արյան ու սուգի հովիտ՝ մտածված ստանձնելով այս խեղկատակության դերերը:

Մի՛ հանդգնեք պայքար բորբոքել Սբ Եկեղեցու և պետության միջև՝ կողքից ձեռքեր շփելով ու հրճվելով: Սբ Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը երբեք չե՛ն խոնարհվում անցողիկի առջև և միշտ առաջնորդվում են համազգային ու պետական շահերով՝ վեր կանգնելով անհատականից ու խմբայինից:

Այն ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, նախկին ու ներկայիս պետական դեմքեր: Ավելին ասելու ժամանակը չէ հիմա. դեռ պատասխան եք տալու ձեր Աստծո առջև:

Ուշքի՛ եկեք, վանեցե՛ք ձեր մտքի, սրտի և հոգու խավարը, սիրեցե՛ք ձեր ժողովրդին և Հայրենիքը և միաբանությամբ ու արժանապատվությամբ լծվեցեք Հայրենիքի շինության սուրբ գործին:

Հիշեցե՛ք, որ անցյալում մեր ողբերգությունների պատճառը թագավորի ու իշխանի վախկոտությունը, միմյանց հանդեպ ատելությունն ու անմիաբանությունն էր. մի՛ կրկնեք այդ նվաստացուցիչ պատմական սխալները»,–ասվում է գրառման մեջ։

Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։

Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ Ըստ PanARMENIAN.Net ի աղբյուրի, ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։

Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։