Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեքսիկա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդես է եկել բաց դասախոսությամբ Մատիաս Ռոմերոյի ինստիտուտում։
Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի մասին խոսելիս Ամիրբեկովը նշել է, որ կողմերը երբևէ այսքան մոտ չեն եղել փաստաթղթի ստորագրմանը, սակայն դրա համար պետք է հաղթահարել երկու հիմնական խոչընդոտ։ Առաջինը, նրա խոսքով, Հայաստանի Սահմանադրության դրույթներն են, որոնք «տարածքային հավակնություններ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։ Երկրորդը՝ միջնորդության հնացած և անարդյունավետ մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունն է, գրում է Minval.az-ը։
Բացի այդ, Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։
«Այս 40 կիլոմետրանոց երթուղին կտրուկ կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կուժեղացնի կայունությունը»,–ասել է նա։
Հարավային Կովկասում տեղի ունեցող վերափոխումները մեկնաբանելով՝ Ամիրբեկովը նշել է, որ ձևավորվում է նոր համաշխարհային կարգ, և ավանդական դաշինքներն անցում են կատարում նոր ձևաչափերի։
Ամփոփելով՝ Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ խաղաղ համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:
Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։