27 հունիսի 2025 - 12:32 AMT
Փեզեշքիանն Ալիևին հորդորել է հետաքննել հաղորդումները, թ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ հարձակման համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը և ինքնաթիռները կարող էին Իրանի օդային տարածք մտնել Ադրբեջանի տարածքով։

Ըստ IRNA գործակալության` Իլհամ Ալիևի հետ այսօրվա հեռախոսազրույցի ժամանակ Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել, մինչդեռ Իսրայելի ռեժիմը գործել է միջազգային իրավունքի խախտմամբ՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, հայտնում է «Ազատությունը»։

Ի պատասխան, ըստ լրատվական գործակալության, Իլհամ Ալիևն ափսոսանք է հայտնել Իսրայելի հարձակումների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ՝ վերահաստատելով Ադրբեջանի հարգանքն Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ալիևը նաև հերքել է մեղադրանքները, թե Ադրբեջանի օդային տարածքն իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից օգտագործվել է Իրանին հարվածելու համար:

«Ադրբեջանի կառավարությունը լիովին վերահսկում է իր օդային տարածքը և երբեք թույլ չի տա, որ այն օգտագործվի Իրանի դեմ», - ասել է Ալիևը:

Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանել է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ ։ Հունիսի լույս 22–ի գիշերը ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ տարհանել էր բոլոր բաղադրիչները։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։