ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը բոլորին հորդորել է շտապել դեպի Էջմիածին։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վեհարանը և Վեհափառին պետք է պաշտպանել սրբապիղծներից։ Բոլորս դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- նշել է նա։
Իր հերթին, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանըևս բոլորին հորդորել է շտապել դեպի Էջմիածին։
«Պաշտպանելով Մայր Աթոռը՝ պաշտպանում ենք ինքներս մեզ։
Օրվա իշխանությունը անցնելով բոլոր սահմաններն ու գերազանցելով իր լիազորությունները՝ ԱԱԾ-ի միջողով մտավ Վեհարան։
Այն, ինչ կատարվում է հիմա Մայր Աթոռում և հայ հոգևորականության նկատմամբ, տեղի է ունեցել, մեկ էլ բոլշևիկների օրոք։
Ազգովին կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։ Սա մեր ինքնության, մեր գոյության, մեր արժանապատվության կռիվն է։ Բոլորս՝ դեպի Էջմիածին»,-գրել է նա։
Իրավիճակը Մայր Աթոռում լարվել է, հավաքվածները թույլ չէին տալիս, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդին տանեն Էջմիածնից:
Ոստիկանական մեքենային մոտեցող Սրբազանը հրմշտոցից հետո որոշում է կայացրել վերադառնալ Վեհարան, հայտնում է Aysor.am-ը։
Աջապահյանի առողջական վիճակը վատացել է, երբ իրավապահները քաշքշել են նրան։
Ավելի ուշ փաստաբան Միհրան Պողոսյանն ասել է, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակն այս պահին բավարար է։
Առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Այդ մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է։
Հունիսի 27–ին Մայր աթոռում Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն Մայր աթոռի տարածքում է, հավանաբար նախատեսում են խուզարկել Վեհարանի շենքը` կաթողիկոսի նստավայրը։ Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Աջապահյանի դեմ սկսվել է քրեական վարույթ և կազմավորվում է փաստաբանների պաշտպանական խումբ։