27 հունիսի 2025 - 13:02 AMT
Վարդանյանը ԵԽԽՎ-ում․ Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում ընդգծել է, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն, իսկ ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Պատգամավորը հայտարարել է, որ ռազմագերիների վերաբերեալ գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, ռազմագերի լինելը պատիժ չէ: Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ: Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին: Մենք հավասարեցնում ենք ռազմագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին: Եվ, ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների»։

Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին: Մենք հավասարեցնում ենք ռազագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին: Եվ, ցավոք, ռազմագերիներն ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների եւ խոշտանգումների:

Սա ամբողջովին խարխլում է Ժնեւյան կոնվենցիայի տրամաբանությունը, խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն՝ զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է:

Իսկ երբ մենք խոսում ենք ռազմագերիների մասին, երբ խոսում ենք գերիների փոխանակման մասին, պետք է չմոռանանք, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն: Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն ինքնին միջազգային հանցագործություն է:

Բայց, ավելին՝ Ժնևյան կոնվենցիաները, միանշանակ, սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք են՝ անդամալույծները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները: Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ:

Այս զեկույցը մենք օգտագործում ենք որպես հիշեցում այն մասին, որ միջազգային մարդասիրական իրավունքը դեռ գործում է: Եվ ցանկանում եմ եւս մեկ անգամ հիշեցնել բոլոր ավտորիտար ղեկավարներին, որ միջազգային քրեական իրավունքում, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»,–ասել է նա։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։