Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպմանը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում ընդգծել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի համադրելիությունը և Հարավային Կովկասի՝ Ասիայի և Եվրոպայի միջև կամրջի դեր կատարելու նշանակալի ներուժը։
Երկկողմ հարաբերությունների համատեքստում զրուցակիցները գոհունակությամբ նշել են տարբեր ոլորտներում զարգացող համագործակցության արդյունքում արձանագրված նշանակալի ցուցանիշները։ Արարատ Միրզոյանը և Վան Յին երկուստեք ընդգծել են համատեղ ջանքերով առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորման, ռազմավարական գործընկերության կառուցման հարցում առկա քաղաքական կամքը՝ ներառյալ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, տնտեսություն, ենթակառուցվածքային ծրագրեր և հումանիտար համագործակցություն։
Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի։ Նախարար Միրզոյանը Վան Յիին փոխանցել է ՀՀ դիրքորոշումը Շանհայի Համագործակցության Կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգավածությունն ընդլայնելու հարցում։
Միջազգային գործընկերությունների զարգացման համատեքստում Միրզոյանը ներկայացրել է ՀՀ բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականության և դիվերսիֆիկացիայի միջոցով զարգացող հարաբերությունները։
Նա ներկայացրել է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Չինաստանի սկզբունքային մոտեցումը՝ հիմնված առանցքային սկզբունքների, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգման վրա։ ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։
Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։