ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մայր Աթոռում ծավալվող իրադարձություններին, գրել է, որ արքեպիսկոպոս Աջապահյանին «տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են»։
«Ռազմական հեղաշրջման բացահայտ կոչ արած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պատսպարելով` Կտրիճ Ներսիսյանն այդ կոչերի պատասխանատվությունը վերցնում է իր վրա:
Առավել նողկալի է, որ այս ամենն այս սրբապիղծներն անում են Մայր Աթոռում: Աջապահյանին հատուկ տարել են Մայր Աթոռ, որ հետո ողբ դնեն, թե հասեք, ուժայինները եկել են Մայր Աթոռ:
Սուրբ Եկեղեցին իրենց սրիկայության վահան դարձրած անառակներ»,–ասվում է գրառման մեջ։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ «հեղաշրջման կոչեր հնչեցրած Միքայել Աջապահյանը», նախապես տեղեկացված լինելով իրավապահների այցելության մասին, ապաստան է գտել Մայր Աթոռում՝ փորձելով խուսափել քննչական գործողություններից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը, նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախնում է Մայր Աթոռ։
Պատսպարվում է Մայր Աթոռում և այն դարձնում վահան՝ ընդդեմ պետության։
Այս նույն ընթացքում, ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել Մայր Աթոռ և պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։
Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ՝ ընդդեմ պետության։
Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը և ժողովրդին՝ ահաբեկիչներից և հանցագործ տարրերից։ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է։
Կեցցե' Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Կոնջորյանը։
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավիճակը սրվել է։ Իրավապահ մարմինները ժամանել են՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով։ Տեղի ունեցած դեպքերի ընթացքում հրմշտոց է արձանագրվել ոստիկանների և հոգևորականների միջև։ Չնայած նրան, որ Աջապահյանն ի սկզբանե հայտնել է իր պատրաստակամությունը՝ իրավապահների հետ գնալու, որոշ ժամանակ անց նա վերադարձել է Վեհարան։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քրեական գործը վերաբերում է Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» վերաբերյալ հրապարակային կոչերին։