ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Այդ մասին ասվում է տարածված հայտարարության մեջ։
«Այսօր՝ 2025 թվականի հունիսի27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ևդիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։
ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի»,–ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտնել էր, որ չի թաքնվել և մտադիր էլ չէ դա անել, և գնալու է իրավապահների հետ։ Նա այդ մասին հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում։ Տեղի ունեցած դեպքերի ընթացքում հրմշտոց է արձանագրվել ոստիկանների և հոգևորականների միջև։ Չնայած նրան, որ Աջապահյանն ի սկզբանե հայտնել է իր պատրաստակամությունը՝ իրավապահների հետ գնալու, որոշ ժամանակ անց նա վերադարձել է Վեհարան։