Քննչական կոմիտեն նոր վարույթ է հարուցել՝ հայտարարելով, որ Շիրակի թեմի առաջնորդ «Միքայել Աջապահյանի ձերբակալման փորձն ուղեկցվել է խոչընդոտմամբ»։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է ընդունվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։
«Նա մեղադրվում է զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր հնչեցնելու մեջ:
Այս հանգամանքով պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 27-ին կայացվել է որոշում ձերբակալել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանին՝ նրան որպես խափանման միջոց կալանավորելու միջնորդություն դատարան ներկայացնելու նպատակով։
Ձերբակալման որոշման իրագործման իրավական ընթացակարգը հանձնարարված է եղել ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին։ Սակայն վարույթի շրջանակում արձանագրվել է, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են իրավապահ մարմինների օրինական գործողություններին, ինչի հետևանքով արդարադատության իրականացման խոչընդոտման հատկանիշներով ևս նոր քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեն զգուշացնում է, որ նման միջամտությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության, և կոչ է անում զերծ մնալ օրենքի խախտման որևէ դրսևորումից»,–ասվում է ՔԿ հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն որոշել է դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»,–ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ։