Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։
Հունիսի լույս 13–ի գիշերը Իսրայելը սկսել է Իրանի դեմ ռազմական գործողություն՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «անդառնալիության կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանել է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ ։ Հունիսի լույս 22–ի գիշերը ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ տարհանել էր բոլոր բաղադրիչները։ Այժմ Իրանի և Իսրայելի միջև հրադադար է։