2 հուլիսի 2025 - 11:27 AMT
Սիմոնյանը՝ ՌԴ–ից արձագանքների մասին․ Սա պետք է դադարեցնել՝ կամ դուք դա կանեք, կամ մենք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ռուս գործընկերների արձագանքին իր այն հայտարարությանը, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը, զարմացել է, որ ոչ ոք հարց չի տվել, թե՝ ինչո՞ւ։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

Ըստ նրա, «հայ–ռուսական հարաբերությունները կործանելու խնդիրը» լավագույնս լուծում են ոչ թե արևմտյան հատուկ ծառայություններնը կամ ՀԿ-ները, այլ որոշ ռուսական պետական հեռուստաալիքներ, լրագրողներ և խմբագիրներ»։

«Կարդալով իմ ռուս գործընկերների արձագանքները, ես ակամա ինքս ինձ մի պարզ, բայց կարևոր հարց եմ տալիս. մի՞թե այս հարգված մարդկանցից ոչ մեկը չի հարցնում իրեն՝ ինչո՞ւ։

Կամ իսկապե՞ս ինչ-որ մեկին թվում է, որ «արևմտյան կառույցների ազդեցության», «մարդու իրավունքների խախտումների» և «Ռուսաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամության, որը ինչ-որ մեկը փորձում է ոչնչացնել» մասին անգիր սովորած արտահայտությունները կրկնելով՝ կարելի է կրկին խաչակնքվել, հիշատակել Ուկրաինան և այս հին, վաղուց մաշված ռետինե ժապավենը ձգել հայկական համատեքստին։

Իրականում, անհրաժեշտ չէ մեղավորներ հորինել. բավական է պարզապես միացնել հեռուստացույցը։

Որովհետև «հայ–ռուսական հարաբերությունները կործանելու խնդիրը» լուծելու լավագույն մարդիկ ոչ թե արևմտյան հատուկ ծառայություններն են, ոչ թե առասպելական գործակալները և ոչ թե ՀԿ-ները, այլ որոշ ռուսական պետական հեռուստաալիքներ, լրագրողներ և խմբագիրներ։

Երբ՝

– ռուսական պետական հեռուստաալիքները վիրավորում են Հայաստանի ընտրված իշխանություններին ամենավիրավորական խոսքերով, երբեմն՝ բացահայտ անպարկեշտությամբ,

– համակարգված կերպով հակադրում են հայ հասարակությունը սեփական իշխանություններին՝ մոռանալով, որ մեր իշխանությունները ընտրվում են ուղղակի և ազատ ընտրություններով,

– կասկածի տակ են դնում ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը և նույնիսկ գոյությունը,

– կոչ են անում հանրահավաքների՝ նշելով ամսաթիվը, ժամը և վայրը, իրականում դեմ արտահայտվելով գործող սահմանադրական կարգին,

– բացահայտորեն դատապարտում են իրենց երկրի օրենքը կատարող հայ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունները,

– և միջամտում են Հայաստանի ներքին կյանքի բոլոր ոլորտներին՝ քաղաքական գործընթացներից մինչև ազգային խորհրդանիշներ։

Ես առաջարկում եմ Մոսկվայի իմ գործընկերներին գոնե մեկ րոպե պատկերացնել հակառակ իրավիճակը:

Ի՞նչ կասեիք, եթե հայկական պետական հեռուստաալիքներով՝

– հաղորդավարները վիրավորեին Ռուսաստանի նախագահին և ղեկավարությանը,

– քննարկեին Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականությունը և հայտարարեին, որ «Ռուսաստանը չպետք է գոյություն ունենա»,

– եթեր հեռարձակեին ռազմական գործողության ռեպորտաժներ՝ քննադատելով ռուսական բանակի գործողությունները,

– վերլուծեին Ռուսաստանի քաղաքացիների դեմ հարուցված քրեական գործերը։

Այո՛, այո՛, հարգարժան քաղաքական գործիչներ, սենատորներ, հեռուստահաղորդավարներ, պատգամավորներ, մեկնաբաններ և հրապարակախոսներ։

Սա է այն, ինչ ամեն օր ռուսական հեռուստաալիքների էկրաններից լցնում են մեր քաղաքացիների գլխին։

Սա այն է, ինչ իրականում կործանում է ռուս-հայական հարաբերությունները՝ ոչ թե Արևմուտքը և, իհարկե, ոչ հայ ժողովուրդը կամ քաղաքական գործիչները։

Այսպիսով, սովորական կլիշեների և վհուկների որսի փոխարեն՝ փորձեք վերջապես ինքներդ ձեզ տալ մեկ, բայց անկեղծ հարց. ինչո՞ւ։ Եվ ոչ թե՝ ո՞վ։

Սա պետք է դադարեցվի։ Կամ դուք դադարեցնեք, կամ մենք»,–ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է լրջորեն քննարկել ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը:

«Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,-ասել է նա։