2 հուլիսի 2025 - 11:58 AMT
Փաստաբանը՝ Կարապետյանի վարույթի մասին․ Այստեղ ընդհանրապես քրգործ չկա, իրավական աբսուրդ է

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթը առանձնանում է նրանով, որ «այստեղ ընդհանարպես քրեական գործ չկա»։

Բանախոսը մանրամասնել է, որ Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է իշխանության զավթման հստակ կոչ, մինչդեռ ընդհանրապես չկա որևէ կոչ, հայտնում է Panorama.am-ը։

«Քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե, աբսուրդն ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս աբսուրդը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին»,-ասել է փաստաբանը։

Վարդևանյանը նշել է, որ 2025 թվականի հունիսի 17-ից սկսած գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով «ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք ուղղված էին այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամաբ հաշվեհարդար տեսնելուն, որն աննախադեպ էր, եվրոպական որևէ երկրում նման բան չենք տեսել, երբ ֆեյսբուքում հնչեցվի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի»։

«Սա իսկապես աննախադեպ էր։ Այդ կետից սկսած՝ մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ, Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թ. հունիսի 17-ից սկիզբ առած գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծվեց նրանից ելնելով, որ Սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,-ընդգծել է Վարդևանյանը։

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը կալանավորվել է երկու ամսով և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ` ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։

Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ․«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»։

Ի պատասխան Փաշինյանը գրել էր․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։