Ազգային ժողովի հուլիսի 2-ի նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվն աճել է՝ 2023 թ․ արձանագրվել է 38 հազար խախտում, իսկ 2024-ին՝ արդեն 56 հազար։
Առանց վկայականի մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնապատկել՝ հասցնելով 50,000 դրամի։
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե արդյոք վիճակագրությունը վկայում է, որ գործող տուգանքները չեն բավարարում՝ կանխարգելիչ նպատակով, հայտնում է 1lurer.am-ը։
Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ վարորդական իրավունք չունեցող է համարվում նաև այն վարորդը, որը զրկված է եղել վարորդականից 1 տարի ժամկետով, որոնք 1 տարին լրանալուց հետո չեն վերականգնում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը:
«1 տարին լրանալուց հետո տեսնում ենք, որ կա տենդենց՝ քաղաքացիները չեն գնում նորից քննություն տալու և վարորդական վկայական վերցնելու, և երբ արձանագրվում է խախտումը, ընդամենը 25 հազար դրամ վճարելով, շարունակում են կատարել իրավախախտումը, ինչը բարձր հանրային վտանգավորություն է ստեղծում փաստացի՝ առանց վարորդական իրավունք ունենալու վարելու իմաստով»,- ասել է նա:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ խնդրի լուծման նպատակով որոշում է կայացվել, որ վարչական իրավախախտման պարագայում սանկցիան պետք է բարձրացնել 25 հազար դրամից 50 հազար, իսկ եթե 1 տարվա ընթացքում իրավախախտումը երկրորդ անգամ է կատարվում, այն կդիտարկվի որպես Քրեական օրենսգրքով կատարված արարք:
Նախագծով նախատեսվում է առանց վկայականի մեքենա վարելու համար տուգանքը կրկնապատկել՝ հասցնելով 50,000 դրամի։