Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշել է, որ ընդունվող օրենսդրական փոփոխություններով Վիեննայի 1968 թ. ճանապարհային երթևեկության կոնվենցիային համապատասխանող արտերկրյա վարորդական վկայականները համարվում են օրինական Հայաստանում՝ երեք ամիս ժամկետով, եթե դրանք ստացած անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի կամ երկքաղաքացի։
Պատգամավորը բացատրել է, թե դա նշանակում է, որ այն ջավախքցիները, ովքեր ունեն երկքաղաքացիություն, բայց երթևեկում են վրացական վարորդական իրավունքներով, որովհետև հիմնականում ապրում են Վրաստանում, այլևս ենթակա չեն տուգանման:
«Մենք այսօր հրատապ ընդունում ենք օրենք, որի գլխավոր շահառուն ջավախքցին է։ Այլևս որևէ ջավախքցի ՀՀ-ում վրացական վարորդական իրավունքով երթևեկելու համար չի տուգավելու։ Երեք ամիսը մեկ սահմանը հատելով նա իրավունք ունի երթևեկելու, այսինքը պրակտիկորեն ջավախցիներն այլևս չեն տուգանվելու»,-հայտարարել է Շիրակ Թորոսյանը։
Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձրացված խնդրին աջակցելու համար։