Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացմանը, աբսուրդային է համարել, որ «մարդը լինի կալանավորված ու իր սեփականության իրավունքին միջամտություն անեն»։
«Աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված ու իր սեփականության իրավունքին միջամտություն անեն, այսինքն՝ մարդուն կալանավորեն, որ փորձեն բիզեսը խլել», -ասել է Վարդևանյանը, գրում է Sputnik Արմենիան։
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորության մասին նախագիծը` իշխանական պատգամավորների 65 կողմ ձայնով։
Օրենսդրական փոփոխությունները վերաբերել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներին։ Սահմանված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է, ընկերության գործունեության մեջ լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում, փոխել ղեկավար կազմը։ Այդ պարագայում հանձնաժողովն իրավասու կլինի ժամանակավոր հեռացնել ցանցի սեփականատերերին՝ կառավարման գործառույթները փոխանցելով նշանակված ժամանակավոր մենեջերին։ Նշվում է, որ այդ անձը պետք է ունենա առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձ էներգետիկայի կամ կառավարման ոլորտում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, ովքեր «զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»։ Նա հավելել է, որ ովքեր «ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։