2 հուլիսի 2025 - 15:06 AMT
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ․ Այն անձը, ով իր երկրի ու Եկեղեցու պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի

Հուլիսի 1-ին Էջմիածնի Մայր Տաճարում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը մատուցել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ հայրենիքի խաղաղության, գերիների ազատության և նեղյալների մխիթարության համար, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Իր քարոզում նա ասել է․ «Յուրաքաչյուր հայ, եթե ծանոթ է իր երկրի ու Եկեղեցու պատմությանը, վստահ կարող է ասել, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում։ Իսկ այն անձը, ով ընդամենն այդ պատմությունից պատառիկներ գիտի, ապագա չունի, որովհետև անցյալն իմանալով է, որ պիտի կառուցես ապագան, անցյալների սխալները տեսնելով է, որ պիտի փոխես ներկան և ապագայում սխալներ չգործես։ Իսկ ու՞ր ենք մենք այսօր։ Ազգովի կարծես այն իրավիճակի մեջ ենք, որ չգիտենք՝ որտեղի՞ց եկանք, ինչպե՞ս հայտնվեցինք այս օրհնաբեր հողի վրա և ու՞ր ենք գնում», – նշել է Սրբազան հայրը՝ հորդորելով հավատացյալներին ընթանալ ազգային ինքնագիտակցությամբ շաղախված ճամփով։

Պատարագի ընթացքում՝ «Տէր, ողորմեա» երգեցողության ուղեկցությամբ, հոգևորականներն ու հավատացյալները միասնաբար աղոթք են ուղղել «անօրինաբար ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր նեղյալների և գերության մեջ հայտնվածների ազատության, ինչպես նաև հայրենիքի խաղաղության ու բարօրության համար»։

Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։

Հունիսի 27–ի առավոտյան մոտ 30 դիմակավորված անձ ներխուժել էր Շիրակի թեմի առաջնորդարան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, սակայն, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում էր, որտեղ Քահանայից ժողով էր նախատեսված։ ԱԱԾ-ն մտել էր Մայր աթոռի տարածք՝ ձերբակալելու Աջապահյանին։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց տեղի ունեցած հրմշտոցից հետո նա կաթողիկոսի հետ գնաց Վեհարան։ Ավելի ուշ նա ներկայացավ ՔԿ և դատարանի որոշմամբ կալանավորվեց 2 ամսով։ Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։