2 հուլիսի 2025 - 16:00 AMT
Մամիջանյան․ Փաշինյանի գրառման մեջ ուղիղ սպառնալիք կա ՀԷՑ–ի աշխատակիցներին, նա մահու չափ վախենում է Կարապետյանից

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ «ուղիղ սպառնալիք կա ՀԷՑ–ի աշխատակիցներին»։

«Միաժամանակ, կա ներգրավվածություն ՀԷՑ-ը խլելու գործընթացի մեջ, բայց Փաշինյանի հանցագործությունների մեջ դա շատ քիչ տարբերություն է տալու իր հետագա շատ երկար «սրոկի» մեջ»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քայլերին՝ նա նշել է, որ այս քայլերը վկայում են, որ նա «մահու չափ վախենում է թե Սամվել Կարապետյանից, թե բոլոր հայրենասերներից, ամենաահավորը՝ ինքը սարսափում է հայրենասերներից, որոնք միախմբված, համախմբված են»։

«ՀՀ վարչապետի աթոռին այն նստածը, որը ձախողել է մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, դարձել է 5000 լույս տղերքի մահվան պատճառ, հայաթափել է Արցախը, ամբողջությամբ խայտառակության է հասցրել մեր բոլոր ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքը, դուրս է եկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, կազատվի աշխատանքից իմպիչմենտի միջոցով, ափսոս ժամկետ չեմ կարող նշել»,- նշել է Մամիջանյանը։

Վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ձևաթղթի տակ դեռևս 6 ստորագրություն է՝ նույն խմբակցության պատգամավորներինը։ Այդ մասին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Ինչ վերաբերում է Միքայել Աջապահյանի՝ առաջադրվելու ցանկության բացակայությանը, Մամիջանյանն արձագանքել է, որ ներկա պահին որևէ լրացուցիչ տեղեկություն այդ առումով չունեն։

Նրա փոխանցմամբ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոչ ոք առայժմ այդ փաստաթղթի տակ ստորագրություն չի դրել։