Տարվա առաջին կիսամյակում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը նկատելի ավելացել է։ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ փծ գնդապետ Բագրատ Վարդազարյանն ասուլիսում ասել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհի 2096 դեպք, նախորդ տարի՝ 787։
«Սա հիմնականում մարդկային գործոնով է պայմանավորված։ Մարզերի կտրվածքով ներկայացնեմ, օրինակ, եթե Արարատի մարզում այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 386 դեպք, 2024 թվականի առաջին կիսամյակում այդ թիվը եղել է 192, այսինքն, երկու անգամ ավելացել է։ Տավուշի մարզում այս տարի գրանցվել է 281, նախորդ տարի 72, գրեթե 4 անգամ ավելացել է։ Անտառային հողերի հրդեհների մասով ևս նկատելի աճ ունենք։ Նախորդ տարի գրանցվել է 5, այս տարի 20»,-ասել է Բագրատ Վարդազարյանը, հայտնում է Արմենպրեսը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացրել է, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Վարդազարյանը տեղեկացրել է նաև, որ դեռ նախորդ տարում գործարկվել է համակարգ, որի միջոցով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացնում է մարզային պատասխանատուներին՝ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար։
Նորաստեղծ Էկոպարեկային ծառայությունը ևս ունի իր դերը անտառներում հրդեհների կանխարգելման և հնարավոր դեպքերին արագ արձագանքման գործընթացում։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը պարզաբանել է, որ կանխարգելիչ աշխատանքները կազմակերպվում են մի քանի ուղղություններով՝ իրազեկում, պատասխանատվության խստացում և տեխնիկական միջոցների կիրառում։
«Ծառայությունը համալրվել է հակահրդեհային գույքով։ Օրինակ, Սյունիքի մարզային վարչությունը ապահովված է ամենագնաց մեքենաներով՝ կահավորված հատուկ համակարգով՝ 500 լ տարողությամբ ջրի բաքերով, բարձր ճնշման պոմպերով, ռետինե խողովակներով։ Քանի որ անտառային ճանապարհները դժվարանցանելի են, մասնագիտացված տեխնիկան դժվար է կարողանում մոտենալ հրդեհի օջախի տարածք, այդ առումով գործընթացը կազմակերպվելու է ամենագնաց մեքենաներով»,-հայտնել է Էդուարդ Կարապետյանը։
Մասնագետն ընդգծել է, որ եթե անտառային տարածքում հրդեհի պատճառը լինի քաղաքացու գործողությունը, ապա օրենքով սահմանված է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Ուստի հակահրդեհային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար։
«Եթե գտնվում եք բնության գրկում ցանկանում եք խարույկ վառել, ապա դա պետք է անել դրա համար հատուկ նախատեսված հատվածում։ Ավարտին անպայման պետք է համոզվել, որ կրակը մարվել է, պետք է կուտակված աղբը պարտադիր հավաքել, ապակե տարաներ չթողնել»,-նշել է նա։
Էդուարդ Կարապետյանը հավելել է, որ անտառներում հրդեհների հետևանքով հասցվող վնասը շատ մեծ է։ Դրանք լուրջ վնաս են հասցնում էկոհամակարգին, իսկ վերականգնումը լինում է բարդ և պահանջում է երկարաժամկետ աշխատանք։